Դմիտրի Շոստակովիչ

Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

               

  • «Մեզ հատկապես ուրախացնում են առաջին մրցանակի արժանացած Մեծ թատրոնի անվան կվարտետի և Հայկական ՍՍՌ վաստակավոր անսամբլ-Կոմիտասի անվան կվարտետի հաջողությունները։ Այդ կվարտետները մրցանակաբաշխության իսկական հաղթողները եղան՝ խիստ տարբերվելով մյուսներից։ Կոմիտասի անվան կվարտետի արտակարգ տաղանդավոր մասնակիցներն առանձնապես հաջող ելույթ ունեցան՝ կատարելով Բեթհովենի և Մյասկովսկու կվարտետները»:

 Արամ Խաչատրյան

Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

               

  • «Թանկագի՛ն ընկերներ, Ձեզ սրտանց և ջերմագին շնորհավորւմ եմ՝ Ձեր նշանավոր կոլեկտիվի գոյության 30-ամյակի առթիվ: Կոմիտասի կվարտետը հայ երաժշտական կուլտուրայի զարդն է: Ընդունեցեք իմ խորին շնորհակալությունը ձեր հիանալի գործունեության համար»:

 Տիխոն Խրեննիկով

Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

               

  • «Ձեր կատարողական համոզվածությունը, մեծ եռանդը և ունկնդրի վրա ներազդելու ուժը, համերգացանկի մշտական ընդլայնումն ու նորացումը ձեզ դարձնում են մեր երկրի երաժշտական տոնակատարությունների ցանկալի հյուր»:

 Կոնստանտին Իգումնով

Դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

               

  • «Հայկական քառյակը մեծ արժեք է, և նրա գեղարվեստական նվաճումները բացառիկ բարձր են: Այդ հիանալի քառյակին փայլուն ապագա է սպասվում»:

 Կոնստանտին Սարաջև

Դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
խորհրդային դիրիժորական դպրոցի հիմնադիր

               

  • «Կվարտետի անդամներն իրենց երաժշտական բարձրագույն կրթությունը ստանում են Մոսկվայի կոնսերվատորիայում, որն ահա շուտով պիտի ավարտեն: Նրանցից յուրաքանչյուրն աչքի է ընկել իր կատարողական վառ ընդունակություններով, մասնավորապես՝ գործիքին տիրապետելու տեխնիկական կատարելությամբ: Դա փայլուն կերպով հաստատվեց ընթացիկ տարում անցկացված համամիութենական մրցանակաբաշխության ժամանակ, երբ հայկական կվարտետը կանգնեց արտիստական պատկառելի ստաժ ունեցող կվարտետային անսամբլների կողքին»։

 Էդվարդ Միրզոյան

Կոմպոզիտոր, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

               

  • «Կոմիտասի անվան քառյակը հայ ազգային կատարողական արվեստի բարձրագույն նվաճումներից մեկն է, նրա հպարտությունը: Նրա համերգները մշտապես ՄԵԾ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ՝ առաջին նոտայից մինչև վերջինը»:

 Էդգար Հովհաննիսյան

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

               

  • «Հայ կոմպոզիտորներից շատերիս համար ի սկզբանե Կոմիտասի անվան քառյակը եղավ ստեղծագործական լաբորատորիա և ոսկե կամուրջ՝ մեր և ունկնդրի միջև: Մենք քառյակին պարտական ենք թե՛ որպես ունկնդիր և թե՛ որպես հեղինակ՝ մեր ստեղծագործությունների երջանիկ ճակատագրի համար: Այդ փոքրաթիվ ստեղծագործական կոլեկտիվը մեզ համար և՛ քառյակ էր, և՛ սիմֆոնիկ նվագախումբ, և մենք նրան ենք վստահել մեր ամենանվիրական զգացումները, որոնք նա հավատարմորեն հասցրել է ունկնդրին»:

 Վահագն Դավթյան

Բանաստեղծ, հրապարակախոս

               

  • «Այս գարնանը ես բախտ ունեցա Կոմիտասի անվան քառյակի հետ լինելու Ֆրանսիայում: Այդ ճամփորդության ընթացքում կարողացա հասկանալ քառյակի հաջողության գաղտնիքներից մեկը: Այդ չորս հայ երիտասարդները՝ Էդուարդ Թադևոսյանը, Սուրեն Հախնազարյանը, Ֆելիքս Սիմոնյանը և Յակով Պապյանը, մի շատ գեղեցիկ ներդաշնակություն էին կազմում, իսկ, ինչպես գիտենք, ներդաշնակությունը երաժշտության հիմունքներից մեկն է: Նրանց այդ անձնական ներդաշնակությունը վեր էր ածվում երաժշտական ներդաշնակության: Այդ ճամփորդության ընթացքում հասկացա նրանց հաջողությունների նաև մեկ ուրիշ գաղտնիքը. դա այն խորին հարգանքն է, որ նրանք ունեն իրենց նախորդների նկատմամբ: Հիշում եմ, թե Էդուարդ Թադևոսյանը, որ քառյակի ոգին է ու շաղախը, ինչպիսի հիացմունքով էր խոսում Ավետ Գաբրիելյանի, Սարգիս Ասլամազյանի և մյուսների մասին: Քառյակը հավատարիմ է իր ավանդներին: Եվ դա նրա մեծագույն ուժն է: Առանց ավանդների պահպանման ու զարգացման չկա ճշմարիտ արվեստ: Բայց, անշուշտ, քառյակի հիմնական գաղտնիքն այն է, որ նրա չորս անդամներն էլ տաղանդավոր են, շռայլորեն տաղանդավոր, և պատահական չէ, որ այդ համերգներից հետո Փարիզի հեռուստատեսությամբ նրանց նվիրված հաղորդման մեջ հայտնվեց այն միտքը, թե նրանք նվագում են և՛ սրբերի, և՛ հրեշտակների, և՛ դևերի պես: Սրբերի, հրեշտակների, տաղանդավոր դևերի մի գեղեցիկ ներդաշնակություն է այս քառյակը և նրա միջազգային ճանաչումը պատահական չէ»։

 Սիլվա Կապուտիկյան

Գրող, հրապարակախոս

               

  • «Երջանիկ եմ, որ բախտ ունեցա ողջունելու և շնորհավորելու Կոմիտասի անվան քառյակի 80-ամյակը։
    Կոմիտասի անվան քառյակը հայ ժողովրդի նորագույն վերածնունդը կերտողներից է, ինչպես Չարենցի պոեզիան, Թումանյանի ճարտարապետությունը, Մարտիրոս Սարյանի նկարչությունը, Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Հայկանուշ Դանիելյանի երգը, Արամ Տեր-Հովհաննիսյանի և Թաթուլ Ալթունյանի երգչախմբերը։
    Իր կյանքի 8 տասնամյակներում քառյակի չորս ջութակների աղեղները՝ չորս աղեղնավորների նման, կտրել-անցել են մեր երկրի սահմանները, աշխարհի մարդկանց հոգիներում նվաճել նոր տարածքներ՝ ավետելով մեր ժողովրդի անկյալ վիճակից վերստին ոտքի կանգնելու, վերստին ապրելու և արարելու համառությունը, մեր փոքրիկ հողի մեծ, աննվաճ ոգին։
    Ավա՛ղ, այս պղտոր ժամանակներում Կոմիտասի կոմիտասաշունչ քառյակը, իր բախտակից թամանյանակերտ օպերային թատրոնի նման, առնված է խառնիճաղանջ շինությունների ու խառնիճաղանջ հնչյունների շուրջկալման մեջ։ Դարձյալ՝ «Գարուն ա, ձուն ա արել»։ Սակայն, ինչ էլ լինի, ամիսն ապրի՛լ է, օրը՝ արդար, և գարունը, միևնույն է, կհաղթանակի՛։

    աշխարհն ու դարե՛րդ են վկա,
    Քո ուղին դու՛ պիտի բացես,
    Լեռներով, ձոր ու քերծերով
    ընկնե՛ս, ելնե՛ս, մագլցե՛ս,
    թե անցումը դառնա անհնար,
    Դու՝ լույսի իմ սու՜րբ որոնող,
    Ժայռի մեջ ճամփա՛ ճեղքելով՝
    Գեղա՜րդդ պիտի կառուցես․․․

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գլխավոր աջակից

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոն