ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ - 100

Այս տարի լրանում է Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100- ամյակը։ 100 տարի առաջ չորս հայ երաժիշտներ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանը, Սարգիս Ասլամազյանը, Միքայել Տերյանն ու Լևոն Օհանջանյանը, փորձում էին Բեթհովենի 1-ին կվարտետը՝ քառյակի առաջին համերգի ծրագիրը։ Այսպես սկսվեց քառյակի գործունեությունը, որը շարունակվում է մինչև այսօր։
Քառյակը 1932 թվականից պատիվ ունի կրել Մեծն Կոմիտասի անունը, որի ծննդյան 155- ամյակը ևս այս տարի տոնում է։
Քառյակն իր 100-ամյա գործունեության ընթացքում շրջագայել է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Այն իր արվեստով նվաճել է ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ավստրիան, Անգլիան, Նորվեգիան, Գերմանիան և այլ երկրներ: Քառյակի հետ ելույթներ են ունեցել Դմիտրի Շոստակովիչը, Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Մստիսլավ Ռոստրոպովիչը և աշխարհահռչակ այլ երաժիշտներ: Բազմաթիվ հայ և այլազգի կոմպոզիտորներ իրենց ստեղծագործությունները նվիրել են քառյակին։ Կոմիտասի անվան քառյակը բացառիկ է ոչ միայն կամերային արվեստի մեջ իր անվիճելի ներդրումով և ձեռք բերած համաշխարհային համբավով, այլև իր եզակի երկարակեցությամբ։ 100-ամյա քառյակը գործել է մշտապես, առանց ընդհատումների․ անգամ Հայրենական մեծ պատերազմի արհավիրքները չեն լռեցրել նրան: Քառյակի կենսունակությունն ու երկարակեցությունը հիմնականում ապահովել են նրա երկու նվիրյալ ղեկավարները՝ Ավետ Գաբրիելյանը՝ 1924-1976 թթ. և Էդուարդ Թադևոսյանը՝ 1976 թվականից առ այսօր:
Այսօր էլ քառյակը շարունակում է իր գործունեությունը՝ նույն ոգևորությամբ և պատասխանատվությամբ կատարելով հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների՝ Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոստակովիչի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլոց ստեղծագործություները։ Քառյակի նվագացանկում առանձնահատուկ տեղ են գրավում նրա հիմնադիրներից մեկի՝ թավջութակահար Սարգիս Ասլամազյանի կոմիտասյան մշակումները: Այդ հանրահայտ մանրանվագները դարձել են քառյակի այցեքարտը. առ այսօր խմբի ամեն համերգային ծրագիր ունենում է կոմիտասյան բաժին, որին ունկնդիրները սպասում են անհամբերությամբ:
Աշխարհի հնագույն գործող քառյակը կատարողական արվեստի իր վիթխարի փորձով և երաժշտական աշխարհում հնարավոր բոլոր ձեռքբերումներով թևակոխում է գործունեության երկրորդ դար՝ հավատարիմ հայ և համաշխարհային դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը:

ՔԱՌՅԱԿՆ ԱՅՍՕՐ

Կոմիտասի անվան քառյակի մեկդարյա գործունեության ընթացքում
անսամբլի կազմում ելույթ են ունեցել ամենատարբեր երաժիշտներ՝ իրենց ուրույն ոճով ու առանձնահատկություններով, սակայն պահպանվել է ազգային այն դիմագիծը, որը բնորոշ է միայն քառյակին:

2016 թվականից Կոմիտասի անվան քառյակը գործում է Էդուարդ Թադևոսյան, Սյուզի Երիցյան, Ալեքսանդր Կոսեմյան, Անժելա Սարգսյան կազմով:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գլխավոր աջակից

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոն