ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (1924-1976 թթ․)

  • Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր և առաջին ջութակահար Ավետ Գաբրիելյանը ծնվել է 1899 թ. ապրիլի 7-ին՝ Դոնի Ռոստովում: Վաղ մանկությունից աչքի է ընկել երաժշտական ցայտուն ընդունակություններով, և ծնողները հոգացել են, որ տասնմեկ տարեկանից կանոնավոր կրթությամբ զարգացնի ձիրքերը։ Մինչև 1919 թ. սովորել է հայտնի ջութակահար-մանկավարժ Ն. Կ. Ավերինոյի, այնուհետև՝ Ի. Ա. Զելիխմանի մոտ։
    1921 թ.-ից՝ Ռոստովի երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո, Ավետ Գաբրիելյանը սկսում է զբաղվել մանկավարժական և համերգային գործունեությամբ: 1922 թվականին Գաբրիելյանը Ռոմանոս Մելիքյանից հրավեր է ստանում դասավանդելու Երևանի նորաբաց երաժշտական ստուդիայում, որը 1923 թ. վերակազմավորվում է Պետական կոնսերվատորիայի: Այստեղ Գաբրիելյանն աշխատում է մինչև 1924 թվականը։ Երիտասարդ շնորհալի երաժիշտը մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու և կատարելագործվելու համար մեկնում է Մոսկվա և ընդունվում կոնսերվատորիա՝ աշակերտելով պրոֆեսոր Լ. Մ. Ցեյտլինին: Այստեղ էլ այդ նույն թվականին նա հիմնադրում է լարային քառյակը։ Քառյակի կազմում աշխատելուն զուգընթաց՝ Գաբրիելյանը Մոսկվայում հետզհետե հայտնի է դառնում որպես մենակատար ջութակահար: 1929 թ. ավարտում է Մոսկվայի պետական կոնսերվատորիան, որի ամենատաղանդավոր սաների թվում Գաբրիելյանի անունը ոսկետառ փորագրվում է մարմարե սալիկին:
    Մամուլի բազմաթիվ հրապարակումներում Գաբրիելյանի նուրբ երաժշտականությունը, բացառիկ անմիջականությունը և կատարողական մշակույթը բարձր գնահատականի են արժանացել: Գաբրիելյանի՝ որպես ժամանակի ամենահմուտ ջութակահարներից մեկի համբավը գնալով ավելի լայն տարածում է ստանում խորհրդային երկրում:
    1938 թվականից Գաբրիելյանը սկսում է դասավանդել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ որպես անսամբլային դասարանի դասախոս, 1946-1954 թթ. վարում նաև ջութակի մասնագիտական դասարանը: Նրա՝ որպես խոշորագույն անսամբլիստի գործադրած ջանքերը մեծապես նպաստել են Կոմիտասի անվան քառյակի հաջողություններին:
    Գաբրիելյանի հետ նրա կամերային երեկոներին մասնակցել են ճանաչված դաշնակահարներ Ա. Գոլդենվեյզերը, Կ. Իգումնովը, Գ. Նեյգաուզը, Վ. Մերժանովը, Մ. Գրինբերգը, Պ. Ռոմանովսկին, Ն. Պերելմանը և ուրիշներ:
    Ավետ Գաբրիելյանը Մոսկվայի կոնսերվատորիայի դոցենտ էր:
    Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1939): Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր (1938), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Ստալինյան մրցանակի (1946) և Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1965)։


               

ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար (1976 թ․-ից)

  • Ծնվել է 1947թ․, Երևանում։
    Առաջին մենահամերգը կայացել է 1959թ․, երբ սովորում էր Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում (դասատու՝ վաստակավոր ուսուցիչ Տատյանա Հայրապետյան): 1963թ․ 9-րդ դասարանի աշակերտ Է․ Թադևոսյանը, Արամ Խաչատրյանի առաջարկով, կատարել է մեծանուն կոմպոզիտորի «Ջութակի կոնցերտը»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ․ հոբելյանական համերգը նվիրված էր կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին։ 1965թ․ ավարտական դասարանում արժանացել է Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման (Թբիլիսի)։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարան։ Ուսանողական տարիներին երկու անգամ դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր (1967թ․՝ Լեհաստանում, Հ․ Վենյավսկու անվան, 1969 թ․՝ Փարիզում, Մ․ Լոնգի ու Ժ․ Տիբոյի անվան)։ Ավարտական կուրսում Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը նրան հրավիրել է քառյակ՝ որպես երկրորդ ջութակահար։ Զուգահեռաբար, որպես մենակատար-ջութակահար, ելույթներ է ունեցել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 1976թ․ Ա․ Գաբրիելյանը նրան է փոխանցել իր ջութակը և առաջին ջութակահարի տեղը։
    Էդուարդ Թադևոսյանը համերգային գործունեությունը մեծ հաջողությամբ զուգակցել է մանկավարժությանը: 1987թ․ Համամիութենական բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։ Է․ Թադևոսյանը 1988-2000թթ․ ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնը, իսկ 1996-2018թթ․` նվագախմբային ֆակուլտետը։ Նրա սաներից շատերը դարձել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ։ Է․ Թադևոսյանին են նվիրվել հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ՝ ինչպես ջութակի, այնպես էլ կվարտետի համար, որոնց առաջին կատարողը նա է եղել։ Կոմիտասի անվան քառյակի կազմում ելույթներ է ունեցել 50-ից ավելի երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Գերմանիայում և այլուր: Որպես մենակատար նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Մալազիա, Հոլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա և այլն:
    Երկար տարիներ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահն է, նաև Ա․ Գաբրիելյանի և Ս․ Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անփոփոխ նախագահը։ Վալերի Գերգիևի հրավերով Մոսկվայում Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ (2023թ․), վարպետության դասեր է անցկացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
    1978 թ․ արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 1984 թ.՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1985 թ.` Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի, 2010 թ.՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։ 2014 թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչման, 2015 թ.՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի, 2019թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։
    2021թ. ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պուշկինի մեդալով:

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գլխավոր աջակից

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոն