1-ԻՆ ՋՈՒԹԱԿ, ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԻ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ծնվել է 1947թ․, Երևանում։
Առաջին մենահամերգը կայացել է 1959թ․, երբ սովորում էր Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում (դասատու՝ վաստակավոր ուսուցիչ Տատյանա Հայրապետյան):
1963թ․ 9-րդ դասարանի աշակերտ Է․ Թադևոսյանը, Արամ Խաչատրյանի առաջարկով, կատարել է մեծանուն կոմպոզիտորի «Ջութակի կոնցերտը»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ․ հոբելյանական համերգը նվիրված էր կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին։ 1965թ․ ավարտական դասարանում արժանացել է Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման (Թբիլիսի)։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարան։ Ուսանողական տարիներին երկու անգամ դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր (1967թ․՝ Լեհաստանում, Հ․ Վենյավսկու անվան, 1969 թ․՝ Փարիզում, Մ․ Լոնգի ու Ժ․ Տիբոյի անվան)։ Ավարտական կուրսում Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը նրան հրավիրել է քառյակ՝ որպես երկրորդ ջութակահար։ Զուգահեռաբար, որպես մենակատար-ջութակահար, ելույթներ է ունեցել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 1976թ․ Ա․ Գաբրիելյանը նրան է փոխանցել իր ջութակը և առաջին ջութակահարի տեղը։
Էդուարդ Թադևոսյանը համերգային գործունեությունը մեծ հաջողությամբ զուգակցել է մանկավարժությանը: 1987թ․ Համամիութենական բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։ Է․ Թադևոսյանը 1988-2000թթ․ ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնը, իսկ 1996-2018թթ․` նվագախմբային ֆակուլտետը։ Նրա սաներից շատերը դարձել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ։ Է․ Թադևոսյանին են նվիրվել հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ՝ ինչպես ջութակի, այնպես էլ կվարտետի համար, որոնց առաջին կատարողը նա է եղել։ Կոմիտասի անվան քառյակի կազմում ելույթներ է ունեցել 50-ից ավելի երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Գերմանիայում և այլուր: Որպես մենակատար նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Մալազիա, Հոլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա և այլն:
Երկար տարիներ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահն է, նաև Ա․ Գաբրիելյանի և Ս․ Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անփոփոխ նախագահը։ Վալերի Գերգիևի հրավերով Մոսկվայում Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ (2023թ․), վարպետության դասեր է անցկացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
1978 թ․ արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 1984 թ.՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1985 թ.` Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի, 2010 թ.՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։
2014 թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչման, 2015 թ.՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի, 2019թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։
2021թ. ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պուշկինի մեդալով:

2-ՐԴ ՋՈՒԹԱԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Ծնվել է 1984թ․, Երևանում։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի դասարանը։
2008թ․ մրցույթի արդյունքում հրավիրվել է Կոմիտասի անվան քառյակ՝ երկրորդ ջութակահարի կարգավիճակով։ Միջազգային մրցույթների դափնեկիր է (Կոցիանիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ՝ Չեխիա, 1997թ․, Ա․ Խաչատրյանի անվան ջութակահարների 1-ին միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ՝ Երևան, 2005թ․)։
Երևանի պետական կոնսերվատորիայի լարային և կվարտետային ամբիոնների դասախոս է, Ա․ Գաբրիելյանի և Ս․ Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անդամ։
Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև տարբեր անսամբլների կազմերում՝ Հայաստանում և արտերկրում։ Մինչև Կոմիտասի անվան քառյակ հրավիրվելը աշխատել է Ա․ Խաչատրյանի անվան քառյակում։
2018թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2019թ․ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

ԱԼՏ, ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ, ՊՐՈՖԵՍՈՐ

Ծնվել է 1946թ․, Երևանում։
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Հ․ Բոգդանյանի դասարանը։
1990 թվականից Կոմիտասի անվան քառյակի ալտահարն է։ Քառյակի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ավելի քան 30 երկրներում։ Փոխադրել և մշակել է ալտի համար բազմաթիվ ստեղծագործություններ։
Ա․ Կոսեմյանին են նվիրվել հայ կոմպոզիտորների ՝ ալտի համար գրված մի շարք ստեղծագործություններ, որոնց առաջին կատարողն է եղել։
Աշխատել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես կոնցերտմայստեր, և «Գանձեր» անսամբլի մենակատար։
Մենահամերգներով և նվագախմբերի հետ հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է (2008թ․), Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 2019-2024թթ․ ղեկավարել է լարային ամբիոնը։ Ա․ Գաբրիելյանի և Ս․ Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անդամ է։ 2019թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

ԹԱՎՋՈՒԹԱԿ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Ծնվել է 1987թ., Երևանում:
1994թ. ընդունվել է Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց: 2004թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Մեդեա Աբրահամյանի դասարան:
2010թ.-ից հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և «Սերենադ» կամերային նվագախմբերում:
2010-2012թթ. մասնակցել է Գերմանիայում և Լեհաստանում կայացած փառատոների: Պարգևատրվել է Լյուդվիգ Վան Բեթհովենի անվան հատուկ մրցանակով (սոնատի լավագույն կատարման համար): Հանրապետական մրցույթների դափնեկիր է:
Վարպետության դասեր է ստացել հայտնի թավջութակահարներ Նատալյա Գուտմանից, Դավիդ Գերինգասից, Վահրամ Սարաջյանից, Կարինե Գևորգյանից, Ալեքսանդր Չաուշյանից: 2016թ. մրցույթը հաղթահարելով՝ հրավիրվել է Կոմիտասի անվան քառյակ:
2023թ.-ից դասավանդում է Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում (թավջութակի դասարան): 2023թ. պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

 ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ 

2016-ից՝

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սյուզի Երիցյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Անժելա Սարգսյան

2010-2016

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սյուզի Երիցյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Հասմիկ Վարդանյան

2008-2009

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սյուզի Երիցյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Արամ Թալալյան

2000-2007

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սուրեն Հախնազարյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Արամ Թալալյան

1990-1999

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սուրեն Հախնազարյան
  • Ալեքսանդր Կոսեմյան
  • Ֆելիքս Սիմոնյան

1984-1990

  • Էդուարդ Թադևոսյան
  • Սուրեն Հախնազարյան
  • Յակով Պապյան
  • Ֆելիքս Սիմոնյան

1976-1984

  • Էդուարդ Թադևոսյան
  • Հակոբ Մեքինյան
  • Յակով Պապյան
  • Ֆելիքս Սիմոնյան

1972-1976

  • Ավետ Գաբրիելյան
  • Էդուարդ Թադևոսյան
  • Գրիգորի Մարկազյան
  • Դավիթ Գրիգորյան

1968-1970

  • Ավետ Գաբրիելյան
  • Ռաֆայել Դավիդյան
  • Հենրիխ Թալալյան
  • Արմեն Գեորգիան

1947-1968

  • Ավետ Գաբրիելյան
  • Ռաֆայել Դավիդյան
  • Հենրիխ Թալալյան
  • Սարգիս Ասլամազյան

1938-1947

  • Ավետ Գաբրիելյան
  • Նիկիտա Բալաբանյան
  • Միքայել Տերյան
  • Սարգիս Ասլամազյան

1936-1938

  • Ավետ Գաբրիելյան
  • Գրիգոր Սարաբյան
  • Նիկիտա Բալաբանյան
  • Սարգիս Ասլամազյան

1933-1936

  • Ավետ Գաբրիելյան
  • Գրիգոր Սարաբյան
  • Միքայել Տերյան
  • Սարգիս Ասլամազյան

1924-1933
Կոմիտասի անվան ազգային քառյակի
հիմնադիր կազմը

  • Ավետ Գաբրիելյան
  • Լևոն Օհանջանյան
  • Միքայել Տերյան
  • Սերգեյ Ասլամազյան