ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2019


Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Նոյեմբերի 16-ին -ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Քառյակին հիմնադրման հոբելյանի առթիվ շնորհավորեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` կարևորելով քառյակի մեծ վաստակը հայ երաժշտարվեստի զարգացման գործում:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Զաքյանը, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, «Արամ Խաչատրյան» տրիոյի երաժիշտներ՝ դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Կարեն Շահգալդյանը: Ելույթ ունեցավ նաև Պ.Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի մանկական քառյակը, որի ղեկավարն է քառյակի ալտահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանը:

Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն նշանավորեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, քառյակի 1-ին ջութակ և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի`քառյակի կազմում գործունեության 50-ամյակը և ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի`քառյակում աշխատանքի 30-ամյակը:

Քառյակը կատարեց Կոմիտաս-Ասլամազյանի «Հայկական ժողովրդական մանրանվագները»: Կատարումներն ուղեկցվում էին մանրանվագներին համապատասխան անիմացիոն հոլովակների ցուցադրությամբ: Երեկոն ավարտվեց հանդիսատեսի չդադարող ծափահարությունների և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի » վալսի ներքո: