ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՀուշեր, մտորումներ           

«Հայկական քառյակին պետք է լսեինք»ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ. 20.06.2014
Irates.am

Կվարտետային ժանրը գրավում էր ինձ օրեցօր։
Ավետ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Կրկին փայլատակեց Կոմիտասի անվան քառյակն իր ամբողջ զորությամբ ու գեղեցկությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադևոսյան)։ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցած համերգը նվիրված էր քառյակի հիմնադիր, մեծանուն ջութակահար ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ծննդյան 115-ամյակին։
Երեկոն սկսվեց պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ներածական խոսքով։ Երաժշտագետն ուրվագծեց «Կոմիտաս» քառյակի անցած փառապանծ ուղին, պատմեց Ավետ Գաբրիելյանի՝ որպես մենակատարի և կվարտետի ղեկավարի, 52-ամյա գործունեության մասին, հիշատակեց շրջագայությունները, որոնց ընթացքում կոմիտասականները հանդիպումներ են ունեցել թե՛ պարզ ժողովրդի, թե՛ աշխարհի տարբեր երկրների անվանի գործիչների հետ։ Բանախոսը հատուկ շեշտեց քառյակի երաժիշտների և Էդուարդ Միրզոյանի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի հետ։ Սա բացառիկ մի երևույթ էր միջազգային գերլարված մթնոլորտում, և «երկաթե վարագույրը» վերածվեց «համերգային թավշյա վարագույրի»: Եվ ամենուր քառյակը հանդես է գալիս նույն աննվազ պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով, սփռելով սեր, խաղաղություն, մեծապես նպաստելով Հայաստանի միջազգային համբավին։
Երաժշտագետն անդրադարձավ նաև Ա. Գաբրիելյանի կյանքի և գործի արժանի շարունակող և շենացնող, նորանոր բարձունքներ նվաճող մաեստրո ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ մեծագործություններին, բարձր գնահատեց նաև ներկայիս կազմը, որն ապահովում է աշխարհի ամենաերկարակյաց՝ 90-ամյա քառյակի սերնդափոխությունը։ 
Երեկոյի երաժշտական մասը բացվեց Վոլֆգանգ Մոցարտի թիվ 19 կվարտետով։ Այն անվանում են նաև «դիսոնանսային կվարտետ», քանի որ 1-ին տակտում հնչող ալտի «լյա-բեմոլ» հնչյունին խիստ հակասում է հաջորդ տակտում ներխուժող անսպասելի «լյա» հնչյունը։ Նույնը կրկնվում է երկրորդ նախադասության «սոլ բեմոլ» և «սոլ» հնչյունների միջև, որից հետո շարունակում է պղտորվել մռայլ դիսոնանսների շղթան։ Այս երկու ներխուժումները մոցարտագետ Հերման Աբերտը նմանեցնում է «փայլատակող սրի»։ Սա հիշեցի այն պահին, երբ Է. Թադևոսյանի աղեղը մխրճվեց լարի մեջ. հրաշալի զուգադիպություն։ Բանն այն է, որ մաեստրոյի աղեղի նախաշարժումը (աուֆտակտը), հաճախ նմանվում է դիրիժորական փայտիկի շարժմանը։ Այս անգամ աղեղը նման էր «փայլատակող սրի», ինչը խիստ համահունչ էր Աբերտի բնորոշմանը, երաժշտության բնույթին։ Ահա այս պահից է, որ ունկնդիրը հայտնվում է Մոցարտի դիսոնանսների խորխորատում, որից լույս աշխարհ է հանում հաջորդող սլացիկ, մաժորային Ալեգրոն։ Այս դիսոնանսներն այնքան անսովոր էին և արտառոց, որ ժամանակին որոշ երաժշտագետներ փորձել են, այսպես ասած, ուղղել Մոցարտի «սխալը» և հարթեցնել այդ «խութերը»։ Այս մանրամասների վրա կենտրոնանալը պայմանավորված է այն բանով, որ սա Մոցարտի կվարտետներից միակն է, որը սկսվում է դանդաղ նախաբանով։ Բացի այդ, ըստ Աբերտի, այս Ադաջոյում «ոչ միայն մթնոլորտը մաքրող, թեթևացնող ամպրոպի գաղափարն է մարմնավորվում, այլև դրսևորվում է ամբողջ կվարտետի հիմնական բովանդակությունը։ Այն է՝ մռայլ նախազգացումներով ծանրաբեռնված գիտակցության կերպարը, որը փորձում է հաղթահարել հոգեկան ճնշվածությունը» (Г. Аберт, В. А. Моцарт., 1989, стр. 165)։ (Ըստ իս, այս Ադաջոյի թավջութակի զարկերակող քայլերը, տառապալից խրոմատիկ «գալարումները» կարող են հիշեցնել Խաչի ճանապարհը, դեպի Գողգոթա շարժվող թափորը, որի երթը կարծես շարունակվում է 2-րդ մասում, հիշեցնելով Հայդնի «Խաչի վրա Փրկչի վերջին յոթ խոսքերը» կվարտետը)։
Կվարտետի Ալեգրոյի երաժշտությունը հուսադրող է, լի արևաշող «ապոլոնյան գեղեցկությամբ», սակայն գալարուն Մենուետը, Ֆինալի ճախրող հնչյունային դրասանգները, վիրտուոզ էպիզոդներն ի զորու չեն իսպառ ցրելու հոգու ամպամածությունը։ Նույն Մենուետի սրտառուչ, գեղեցկագույն «տրիոն»՝ Մոցարտին բնորոշ տիեզերական ողբը, և ֆինալում հանդիպող վարանումները վկայում են, որ մեր կյանքում փշերն ավելի շատ են, քան վարդերը։ Այդուհանդերձ, ըստ Աբերտի, կվարտետում առկա են կենսահաստատ, ազատատենչ ուժեր, որոնք դրսևորվում են մերթ գեղեցիկի, մերթ առնական, մերթ խաղացկուն կերպարների, մերթ սիրո զեղումների միջոցով, ինչը լավագույնս արտահայտվեց 2-րդ մասում (նկատի ունենք հատկապես 1-ին ջութակի և թավջութակի չքնաղագեղ երկխոսությունը, որը համերգին պարզապես հափշտակեց ունկնդիրներին)։
Պատահական չէ, որ ժամանակին Մոցարտի հայրենիքում Կոմիտասի անվան քառյակի մասին մամուլը գրել է. «Հայկական քառյակին մենք պետք է լսեինք Ավստրիայում, որ հասկանայինք՝ ինչպես է պետք Մոցարտ նվագել» («Հանրային ծառայություն», թերթ, 09.10.13)։
Տեղին է հիշել Գեորգի Չիչերինի խոսքը. «Մենք փայփայում ենք Մոցարտի արվեստի խորքեր թափանցելու մղումը, Մոցարտին հասկանալու ուղիով մեր առաջընթացը» (Г. Чичерин, Моцарт, Л., 1979, стр. 117)։ Մենք էլ ենք փայփայում Մոցարտին ընկալելու գործընթացը, որին մեծապես նպաստում է «Կոմիտաս» քառյակը։ Եվ այն, ինչն Ավստրիայում գրել էին Մոցարտի մասին, վստահաբար կարող են գրել նաև Ֆրանսիայում՝ Դեբյուսիի կվարտետի մասին, որը կոմիտասականները կատարեցին հիշյալ համերգի 2-րդ բաժնում։ Այն նվիրված է հայտնի ջութակահար Էժեն Իզայիին։ Պրեմիերան տեղի է ունեցել 1883 թ., Փարիզում։
Դեբյուսին այնքան էր մտահոգված կվարտետի «ճակատագրով», որ նույն թվի հուլիսին Էռնեստ Շոսսոնին գրել է հետևյալը.«Չեմ կարողանում ֆինալի համար համապատասխան ձև գտնել, նույնիսկ երիցս փորձելուց հետո և այդ պատճառով ես իսկապես դժբախտ եմ զգում ինձ»։
Արդյունքում ստացվել է մի գլուխգործոց, որի մասին կոմպոզիտոր Յուլիան Կրեյնը գրել է. «Կվարտետը մնում է որպես նվաճում՝ երաժշտական ձևակառուցման մի վարպետի, որը հմտորեն և ոգեշունչ կերպով իրագործում է մեծ սիմֆոնիզմի գաղափարը» (Ю. Крейн, Камерно-инструментальные ансамбли Дебюсси и Равеля, М., 1966, стр. 24)։
Հիրավի, Դեբյուսին իր կվարտետը ստեղծել է Սեզար Ֆրանկի ազդեցությամբ, կիրառելով, այսպես կոչված, մոնոթեմատիզմի սկզբունքը։ Ձևակառուցման այս սկզբունքը տվյալ դեպքում այն է, որ կվարտետը բացող հիմնական թեման, որպես լայտթեմա, ոսկեթելի պես, տարբեր տեսքով անցնում է 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի միջով և կամարակապում, ամբողջացնում կառույցը։ Ինչ վերաբերում է 3-րդ մասին, ապա այն, որպես մի քնարական զեղում, կառուցված է նոր, կոնտրաստային նյութի վրա։ Ընդ որում, եթե առաջին երկու մասերում գերիշխում են իսպանական, ֆրանսիական մոտիվները, ապա 3-րդ մասում, ըստ Յ. Կրեյնի, նկատվում է Մուսորգսկու և Բորոդինի երաժշտության ազդեցությունը։
Կվարտետի ընթացքում, զարգացումների բովում լայտթեման հայտնվում է ինն անգամ, ենթարկվում տարբեր փոխակերպումների, առաջացնելով տարբեր հոգեշարժումներ, նորանոր տրամադրություններ ու գաղափարներ։ Լայտթեման արտահայտում է մերթ պայքար, դրամատիզմ, մերթ հառնում է որպես չնաշխարհիկ պար, մերթ՝ քնարական պոռթկում։ Ֆինալում նաև վերածվում է լայնաշունչ երգի, հետո այն շիկանում է, հասնում մինչև հուզական պայթյունի, իսկ վերջում հնչում որպես անցյալի ցնծագին մի վերհուշ։
Այս կվարտետը Յ. Կրեյնը բնորոշում է որպես կամերային սիմֆոնիա։ Այդպես էլ հնչեց հիշյալ համերգին։ Եվ դա հնարավոր եղավ շնորհիվ մաեստրո Թադևոսյանի հոգեկերտվածքի, ճկուն, «պրոտևսյան» ոճի և անշուշտ, արժանի համախոհների ջանքերի։
Է. Թադևոսյանի նման երաժիշտների մասին է, որ ասում են, թե նրանց ներկայությամբ, նրանց «մագնիսական դաշտում» հնարավոր չէ չդրսևորել այն լավագույնը, ինչին ընդունակ ես։ Այսպես, սքանչելի էին հրաշալի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի մենանվագները 2-րդ մասում և հատկապես 3-րդ մասի մենախոսությանը ներդաշնակ զուգանվագը՝ 1-ին ջութակի հետ։ Այստեղ տեղի է ունենում այն, ինչն անվանում են հնչյունի «դեմատերիալիզացիա», այսինքն՝ նյութազերծում. հնչյունը վերածվում է եթերի, լույսի։ Եվ մենք վայելեցինք, ինչպես Դեբյուսին կասեր, հնչյունի բերկրանքը։
Ի դեպ, ըստ իս, այս դրվագը (թիվ 12-13) գեղեցկագույնն է, և ոչ միայն այս կվարտետում։ Այս նույն մասում (թիվ 13) Դեբյուսին ասես նման մի հնարավորություն է տվել նաև 2-րդ ջութակին (Սյուզի Երիցյան) և թավջութակին (Հասմիկ Վարդանյան)։ 1-ին ջութակի և ալտի մեղմօրոր, վետվետուն նվագակցությամբ 2-րդ ջութակը և թավջութակը դրսևորեցին իրենց տաղանդի ամբողջ հմայքն ու նրբագեղությունը։
Այս կվարտետի առաջին կատարումից հետո (1893 թ.) փարիզյան մի քննադատ գրել էր. «Կվարտետը լի է հմայքով ու յուրօրինակությամբ, սակայն տարակուսելի է և պարունակում է «սատանայական դժվարություններ»։ Բայց ի պատիվ կոմիտասականների ասենք, որ այդ «սատանայական դժվարությունները» նրանք հաղթահարեցին «հրեշտակային» թեթևությամբ։ ՈՒնկնդիրների բուռն և անվերջանալի ծափերն ընդհատելով՝ երաժիշտները ծրագրից դուրս կատարեցին Կոմիտաս-Ասլամազյանի «Կռունկ» մանրապատումը։ 
Ամեն անգամ, պանդխտության այս հայրենաբաղձ երգի կատարումը լսելիս, թվում է, թե Հայոց ցեղասպանության նահատակների հոգիները վեր են հառնում՝ հայրենիքից «խապրիկ մը» լսելու համար։ Քանի-քանի անգամ, ունկնդիրների պահանջով, կոմիտասականները ծրագրից դուրս կատարել են այս երգը։
Սակայն այս անգամ «Կռունկի» երգում նոր «օբերտոներ» (ստվերակերպ հնչյուններ) էին նշմարվում։ Դա մեր օրերի, նոր նահատակների, նոր արտագաղթի ողբն է գումարվել...
Ասես «Կռունկի» վիշտը փարատելու համար էր, որ քառյակը որոշեց կատարել նաև Պաուլ Հինդեմիտի «Մինիմաքս» շարքից երկու զավեշտական պիես։ Սա մի ինքնահեգնանք էր, ուղղված քառյակի ժանրին։ Եվ նուրբ հումորի տեր մաեստրոն իր քառյակով բարձր պրոֆեսիոնալ մակարդակով վերարտադրեց նաև երևակայական փողային նվագախմբի ոչ այնքան պրոֆեսիոնալ նվագը, հատկապես ավանդական «բարիտոն-սոլոն» հիշեցնող դրվագում։
Համերգը լավատեսորեն ավարտելու և ունկնդրին հուսադրելու նպատակով քառյակը «դարձավ ի շրջանս յուր», կատարելով Կոմիտաս-Ասլամազյանի «Հաբրբանը», առավել պայծառացնելով գաբրիելյանական ավանդույթները և մեծ վարպետի հիշատակը։



 

«Նորից երգում-մորմոքում է աստվածային Կոմիտասը»ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ. 07.05.2013
Irates.am

«Երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին»,- ասում էր Կոմիտասը։ Սրանում համոզվում ես, երբ լսում ես իր իսկ անունը կրող քառյակի նվագը։ Հատկապես Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի հիման վրա Սարգիս Ասլամազյանի ստեղծած մշակումները` («Կռունկ», «Ալ այլուղս», «Շողեր ջան», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր» և այլն)։ 
Երկեր, որոնց դասական կատարումները դարձել են Կոմիտասի անվան քառյակի «տարբերանշանը», որ օրերս վերստին ըմբոշխնեցինք Էդվարդ Միրզոյանի հիշատակին նվիրված համերգում։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի լեփ-լեցուն համերգասրահում կատարվեցին նաև Էդվարդ Միրզոյանի և Լևոն Չաուշյանի կվարտետները։
Ըստ Թոմաս Մանի, արվեստը կերպարների վերաձուլված կարոտն է։ Որքա՜ն կարոտ կա այս երգերում. հայրենիքի, կորսված դրախտի, պանդուխտի... Ահա թե ինչու կոմիտասականները այդքան սպասված են նաև սփյուռքում։ Արտասահմանյան մի լրագրող նշել էր, թե քառյակն իր երկրի արևն էր բերել։
Այո, արարատյան արևի շողերն է սփռում քառյակը` մեզանում և աշխարհով մեկ, ի դեմս Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, և այլոց կվարտետների։ Քառյակի արվեստով են կյանքի կոչվել մի շարք կվարտետներ ու նվիրվել իրենց։ Հարուստ են քառյակի ստեղծագործական, կերպարային, հուզական դիապազոնը, ներկապնակը։ Դասականների ռացիոնալ, կառուցիկ մտածողության և արևելյան տարերայնության, իմպրովիզացիոն ազատության մի միաձույլ է` օծված կոմիտասյան նրբագեղությամբ և ոսկեզօծված սարյանական հրավառ գույներով։ Սա է տարբերում Կոմիտասի անվան քառյակը մյուսներից։ Կերպարանափոխվելու ճկուն արվեստը հնարավորություն է ընձեռում կոմիտասականներին նույն խորությամբ մեկնաբանելու թե՛ հայ, թե՛ դասական կոմպոզիտորների գործերը։ Մենք տեսնում ենք նրանց մերթ հայդնյան «ժպիտը» շուրթերին, մերթ բեթհովենյան հերոսականության «իններորդ ալիքի» կատարին, մերթ Մոցարտի «դրախտում», մերթ Շուբերտ «երգելիս», մերթ Շոստակովիչի ողբերգականության ու սարկազմի հորձանուտում, բայց, ի վերջո, լավատեսություն և կորով ներշնչող։
Այս ամենը հնարավոր եղավ, քանզի ի սկզբանե քառյակը բոցավառել են այնպիսի երաժիշտներ, որպիսիք են Ավետ Գաբրիելյանը, Լևոն Օհանջանյանը, Միքայել Տերյանը, Սարգիս Ասլամազյանը։ Հետագայում այն շենացրել են նաև Ռաֆայել Դավիդյանը, Հենրիխ և Արամ Թալալյանները և այլ նվիրյալներ։ Մոտ կես դար է, ինչ քառյակի ջահակիրն է հայտնի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադևոսյանը։ Ժառանգելով նախորդների հարուստ փորձը` քառյակի այժմյան ղեկավարը` «տանող հրթիռը», «ներքին այրման շարժիչ» Թադևոսյանը նորանոր երանգներ ու որակներ է հաղորդում անսամբլին, համակելով այն ժամանակի խորհրդով և պաթոսով։ Այսօր էլ նա իր համախոհներով վերելքի ճանապարհին է։ Քառյակի մյուս «նվիրյալներն» են Սյուզի Երիցյանն իր ճախրող նվագով, հզոր ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը և շնորհալի թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը։
Քանի՜-քանի սերունդներ է կրթել-ձևավորել քառյակն իր 90-ամյա գոյության ընթացքում, լինելով մեր երաժշտական կյանքի «լայտմոտիվը», «ոսկեթելը», սփյուռքը և մայր հայրենիքը կամարակապող «ծիածանի» կամուրջը, քանի՜-քանի սրտեր է ջերմացրել ու միավորել։
Այսօր նոր Հայաստան կերտելու դժվարին վերելքի պահին հատկապես կարևորվում է մշակույթի, ազգային արժեքների, մասնավորապես Կոմիտասի անվան քառյակի դերը։ Եվ ամեն անգամ լսելով «Կռունկ»-ը, երեսով շրջվում ես դեպի Արարատ, իսկ «Չինար ես, կեռանալ մի, մեր դռնեն հեռանալ մի» մշակումը պարզապես պատգամում է. «Հայ ես, կեռանալ մի, Հայաստանից հեռանալ մի»։ Կրկին հիշում ես Պարույր Սևակի խոսքերը.
Նորից երգում-մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն` ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը...
 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ. (1926-1999) ջութակահարուհի, վիրտուոզ մենակատար
“Կոմունիստ”, Երևան, 1974թ.

 
Արվեստում ցանկացած մեծ երևույթ խոհեր է առաջացնում, և այնքան խորը, որքան վառ է նրա թողած տպավորությունը: Խորհրդային արվեստում մշտապես այդպիսի երևույթ է եղել երկրի լավագույն ու հնագույն կոլեկտիվներից մեկը՝ Կոմիտասի անվան քառյակը:
Եթե անգամ չհիշատակենք այդ հրաշալի կոլեկտիվի կոչումներն ու պարգևները, ապա միայն անունը բավարար է, որպեսզի մեր մտապատկերում կարողանանք միահյուսել արտահայտչամիջոցների հարուստ ու շռայլ ներկապնակը, կատարողական վարպետության բարձր մակարդակը և, հիրավի, այն համաշխարհային ճանաչումը, որը վաստակել է քառյակը:
Սակայն կա ևս մեկ գործոն, որի պատճառով երկրի երաժիշտների ու բազմաթիվ երաժշտասերների հայացքներն այսօր ուղղված են Կոմիտասի քառյակին՝ հենց այս օրերին լրանում է նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակը:
Դժվար է պատկերացնել, բայց համատեղ, ոգեշնչված աշխատանքի ինչպիսի՜ ահռելի ժամանակահատված, ինչպիսի՜ մշտակայություն, միասնականություն ու ներդաշնակություն և ինչպիսի՜ զարմանալի արդյունք:
Կոմիտասի անվան քառյակի 50-ամյակը զուտ երկարատև ստեղծագործական ուղի չէ, դա մի ամբողջ կյանք է, մեծ ու բեղմնավոր կյանք արվեստում, որը մարդկանց մշտապես պարգևել է հրճվանք, անեղծ մարդկային զգացումներ, կատարյալ վարպետություն:
Մտովի հայացք ձգելով քառյակի կյանքին, “թերթելով” բազմամյա ու ոգեշունչ ստեղծագործության տարեգրքի էջերը հանոզվում ես, որ նրա ստեղծած երաժշտական կերպարները հիշողությանդ մեջ մնացել են անշեջ, թովչությամբ առլեցուն, անկախ այն բանից՝ հնչել է ռուսական, արևմտաեվրոպական թե հայկական երաժշտություն:
Աղեղով, ասես վրձնով, նրանք ստեղծել են տարաբնույթ ու հուզիչ երաժշտական լայնածավալ կտավներ, որմնանկարներ ու մանրանկարներ՝ ունկնդրին հնարավորություն ընձեռելով հասու լինելու և ընկալելու ժամանակակից կյանքի իմաստը, զարկերակն ու ընթացքը, հպվելու անցած դարերի մեղեդիների թրթռուն ու կենդանի շնչին:
Իր ձեռք առնելով երաժշտարվեստի քառյակային տեսակի զարգացման թելը՝ Կոմիտասի անվան քառյակը, հիմնվելով 1924 թվականին, ոչ միայն շարունակեց, այլև զարգացրեց ու հարստացրեց ավանդույթները՝ դրանք հասցնելով համամարդկային արժեք ունեցող փայլուն կատարողական բարձունքների: Եվ խիստ կարևոր է, որ քառյակը ծնվեց Մոսկվայում, ուր երաժշտական մշակույթը բարձր էր, և ուր արդեն կային ձևավորված քառյակային ավանդույթներ:
Քառյակի առաջին իսկ ելույթները գրավեցին երկրի խոշորագույն երաժշտական հեղինակությունների ուշադրությունը, որոնք հրաշալի համույթին կանխագուշակեցին հրաշալի ապագա: Ականավոր երաժիշտների կանխատեսումը լիովին արդարացավ:
Կեսդարյա գործունեության ընթացքում Կոմիտասի անվան քառյակում կատարողների կազմը փոփոխվել է: Նվագել են հոյակապ երաժիշտներ՝ Ավետ Գաբրիելյանը, Սարգիս Ասլամազյանը, Միքայել Տերյանը, Գրիգոր Սարաբյանը, Հենրիխ Թալալյանը, Ռաֆայել Դավթյանը, Լևոն Օհանջանյանը, Մկրտիչ Բալաբանյանը, Արմեն Գևորգյանը: Այժմ կազմաը նորացվել է երիտասարդ երաժիշտներով՝ Է. Թադևոսյանով ու Գ. Մարկազյանով: Սակայն որքան էլ ուժեղ լինի կատարողների կազմը, շատ բան կախված է առաջին ջութակից: Կրելով հիմնական մեղեդային գործառույթները՝ հենց առաջին ջութակն է առաջնորդում քառյակը և հաղորդում այն նրբերանգը, այն գունապնակը, որը ձևավորում է համույթի դիմագիծը: Այս իմաստով Կոմիտասի անվան քառյակը երբեք չի փոխում իր ինքնատիպ արտահայտչականությունը, իր ոճը, ուղղվածությունը: Եվ դրանում վիթխարի է բոլոր կազմերում անփոփոխ առաջին ջութակ Ավետ Գաբրիելյանի վաստակը: Տիրապետելով արտասովոր գեղեցկության արծաթերանգ հնչյունի՝ նա մշտապես եղել է քառյակի հոգին, նրա զարդը: Էլ չասած, որ նա հոյակապ համերգային մենակատար է, խորհրդային առաջին դափնեկիրներից մեկը: Լսելով, թե ինչպես է երգում նրա ջութակը, թվում է, թե դա հոգեպարար ասք է կամ երաժշտական գործվածքի, գորգի զարդանախշի հյուսվածք, խաչքարի նրբին պատկեր կամ ճարտարապետական կառույցի գեղաշար ուրվագծերի հզոր խմբերգ՝ ժողովրդի հոգևոր մշակույթի չխամրող հուշարձան:
Քառյակի ճակատագրում վիթխարի է Սարգիս Ասլամազյանի դերը: Բազմաթիվ հայկական մեղեդիների, Կոմիտասի երգերի նրա մշակումները քառյակային ստեղծագործության իսկական մարգարիտներ են:
Կոմիտասի անվան քառյակի գործունեությանը հատկապես լայն թափ առավ հետպատերազմյան շրջանում: Այս ժամանակ է, որ նրա անդամներն արժանացան ժողովրդական արտիստի կոչումների, պետական մրցանակների: Նրանք հանդես են գալիս Ավստրիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Անգլիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: Արտասահմանյան հյուրախաղերը նրանց համաշխարհային ճանաչման հիմքը դրեցին: Կոմիտասի անվան քառյակի համերգների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն էին, իսկ թերթերը ելույթները որակում էին որպես մշակութային կյանքի նշանակալի երևույթ: Աշխարհի բազմաթիվ երկրներում նրանց ողջունում էին հոտնկայս: Դա սենսացիա էր:
Փոխվում էին քաղաքները, երկրները, դահլիճները, դեմքերը, իսկ քառյակը շարունակում էր նվագել, և կատարողների մատներից կրկին ծնվում էր հիասքանչ, տպավորիչ ու վառ երաժշտությունը, որում բացահայտվում էին խորհրդային կատարողական արվեստի լավագույն առանձնահատկությունները:

Այժմ՝ Կոմիտասի անվան քառյակի հոբելյանի օրերին, ակամա խորհում ես՝ ո՞րն է նրանց մշտական հաջողության, նրանց հմայքի գաղտնիքը: Ինչու՞ է այդ տարեթիվը վերածվել երկրի երաժշտական կյանքի նշանակալի իրադարձության, ինչու՞ է ձեռք բերել այդպիսի մեծ ու լուսավոր հնչեղություն: Այն պատճառով, որ գաղտնիքը ոչ միայն նրանց բացառիկ բարձր վարպետության, այլ նրանց ողջ գործունեության ուղղվածության մեջ է: Երբեք չձգտելով արտաքին փայլի կամ հեշտ հաջողության, քառյակի կատարողները ձգտել են արտահայտելու ներքին ճշմարտությունը՝ ամեն ելույթի մեջ ներդնելով իրենց սրտի ջերմությունը, իրենց ամբողջ տաղանդը, իրենց հոգու ու բարոյականության ուժը:
 


ԵՐԳՈՂ ՋՈՒԹԱԿՆԵՐԻ ՀՐԱՇՔԸՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ. Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Գերագույն Խորհրդի  պաշտոնաթերթ, 1993թ.

Այդ   օրը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում  ռադիոյով հայտարարվել էր, որ ազերիները  հարձակում  են  ձեռնարկել    և քաղաքացիներին խնդրվում է   զգույշ լինել…   Իսկ իրիկնադեմին հայտնի դարձավ,  որ Երևանից երաժիշտներ են ժամանել, և Վ. Փափազյանի անվան   հայկական պետական դրամատիկական թատրոնում    տրվելու  է համերգ:    Մայր ժողովրդի երաժշտության հանդեպ   ունեցած  ծարավը   դահլիճ  բերեց  հարյուրավոր   մտավորականների,  բանվորների,  ազատամարտիկների,  սովորողների...
Հաճելի էր,   որ քաղաքացիներին չէր ընկճել տագնապը:   

... Եվ սկսվեց համերգը:   Առաջին մասում հանդես եկավ Կոմիտասի  անվան պետական կվարտետը:    Ստեփանակերտցիներից շատերը գիտեն այդ   փորձառու, տաղանդավոր կոլեկտիվին,   ունկնդրել են ռադիոյով,   հեռուստատեսությամբ:    Սակայն Ստեփանակերտում առաջին հանդիպումն էր:  
Պատասխանատու  երաժշտի համար ամեն մի ելույթ   յուրովի  քննություն է:   Բայց այս հանդիպումը   միայն քննություն չէր:   Դա տաղանդավոր վարպետների դեպի   Արցախն ունեցած   հարգանքի ու ներքին հպարտության   զգացումի դրսևորում էր:    Դա մեր ժողովրդի դարավոր  ավանդույթի  անմիջական և անմնացորդ  բացահայտումներից մեկն էր, երբ համազգային ցավն ու   գոյատևելու   վճռականությունը, տագնապն ու հույսը   արտահայտում են  երաժշտությամբ:
Մեզ՝  ունկնդիրներիս,   թվում էր,  թե առաջին և երկրորդ ջութակահարներ    Էդուարդ Թադևոսյանի  ու Սուրեն Հախնազարյանի, ալտահար Ալեքսանդր  Կոսեմյանի  և թվջութակահար    Ֆելիքս Սրմոնյանի   սրտերը վաղուց են միաձուլվել   և  թրթռում են համատեղ,   որ նրանց   խոհերը հայ ազգային,   առաջին հերթին՝    կոմիտասյան երաժծտության    նվագներից են փնջված:   Նման   դեպքում են ասում՝   վարպետը ոչ թե սովորական անհատ է,   այլ բնության կողմից    արվեստի համար   արարված մի մարմին:
Կոմիտասի անվան պետական կվարտետի   մասին  հիացմունքի խոսք ասելը   քիչ  է:  Ընդգենք   միայն,  որ նման կոլեկտիվը   պատիվ կարող է բերել  աշխարհի ամեն մի քաղաքակիրթ  և երաժշտասեր   ժողովրդի:
Համերգի ժամանակ ունկնդիրների   պահանջով  կրկնվեցին    համարյա բոլոր համարները: Դա սովորական նվագ չէր, այլ կատարողական բաևձև արվեստի,  երաժշտական մեկնաբանման  խորթւթյան  ու ֆրազավորման  նրբություն,  հուզական բացառիկ   լիցքի  և հագեցվածության, նվագի կատարյալ ներդաշնակության,  արտիստականության   անմնացորդ    ցուցադրում:



ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԸԱվանգարդ 23 նոյեմբերի, 1984թ.

Լրացավ    հանրապետության     հնագույն  գեղարվեստական  կոլեկտիվի՝   Կոմիտասի  անվան  պետական    լարային քառյակի  հիմնադրման    60 տարին:   Այդ  երաժշտախումբը   իր վարպետությամբ    հարստացրել    է  սովետական   կատարողական  արվեստը:    
Կոմիտասի  անվան   քառյակի գեղարվեստական   կատարողական  արտիստիզմը   նպաստեց մեր երկրի   երաժշտական  լսարանի   գեղագիտական    ընկալումների  զարգացմանը,  դաստիարակեց  ճաշակ:  Եվրոպական  ու ռուսական   դասականը,  սովետական  և հայ     կոմպոզիտորների   անսամբլային    ստեղծագործությունները   ծրագրային   հանդիսացան     քառյակի  գործունեության համար:      Անգնահատելի  է  քառյակի   ծառայությունը   հանճարեղ Կոմիտասի  ստեղծագործական  ժառանգության տարածման  և աշխարհին   հաղորդակից   դարձնելու   գործում:
Այսօր  արժե  հիշել   և արժանին  մատուցել   վաստակաշատ    քառյակի  տաղանդավոր  երախտավորներին՝   Ավետ Գաբրիելյանին,   Սարգիս Ասլամազյանին,   Լևոն Օհանջանյանին,   Միքայել Տերյանին,   Գրիգոր Սարաբյանին,   Նիկիտա  Բալաբանյանին,  Արմեն Գևորգյանին,   Հենրիկ Թալալյանին   ու  Ռաֆայել  Դավթյանին,  որոնց կատարողական   ավանդներն ու  գեղագիտական սկզբունքները   այնքան կենսունակ դարձան,  որ հիմք հանդիսացան  կոլեկտիվի  այսօրվա  վերելքին  ու  հարատևմանը:
Կոմիտասի անվան  պետական քառյակը  եղել  է, կա  և  միշտ  կմնա  որպես ստեղծագործական  որոնումների,  նորին, առաջավորին   ձգտող   գեղարվեստական   խումբ:        
1924  թվականին    մի  խումբ  երիտասարդ  էնտուզիաստներ՝  Մոսկվայի  պետական կոնսերվատորիայի  տաղանդավոր  ուսանողներ  Ավետ Գաբրիելյանը,  Լևոն   Օհանջանյանը,  Միքայել Տերյանը  և Սարգիս Ասլամազյանը   հիմնեցին   լարային քառյակ,  որը     «Հայկական  կվարտետ»   անվանումն  ստացավ: Փորձառու    մանկավարժ, պրոֆեսոր  Եվգենի  Գուզիկովի  ղեկավարությամբ  սիստեմատիկ, համառ  և  նպատակասլաց  աշխատանքը  շուտով   հիանալի արդյունքներ տվեց:    Քառյակի առաջին իսկ ելույթները    մեծ  հետաքրքրություն    առաջացրին    երաժշտության  մոսկվացի գնահատողների շրջանում:   «Այս հրաշալի   անսամբլին  փայլուն  ապագա  է   սպասում»,-   գրել է հայտնի դաշնակահար, Մոսկվային կոնսերվատորիայի   պրոֆեսոր   Կ. Իգումնովը:   Քառյակի   հետագա  կենսահաստատմամբ    իրենց մասնակցությունը   բերեցին    կոնսերվատորիայի   հայտնի   պրոֆեսորներ    Մ. Իպոլիտով- Իվանովը,  Ս. Վասիլենկոն,   Ֆ. Բլյումենֆելդը, Կ. Սարաջևը:    
Կոմիտասականները   հյուրախաղերի   երթուղիներն    անցել  են  ամբողջ երկրով: Այն  հեռավոր տարիներին   քառյակը   ՍՍՀՄ   կոմպոզիտորների   միության   մրցույթի առաջին  մրցանակը ստացավ   սովետական հեղինակների  ստեղծագործությունների  լավագույն կատարման համար:      Առանձնապես նշանակալից էր   1938  թվականը, երբ    կոլեկտիվը   աղեղնավոր քառյակների   համամիութենական   մրցույթի   հաղթող դարձավ:
Որտեղ էլ որ ելույթ է ունեցել   Կոմիտասի քառյակը՝  մրցույթներում,  Մոսկվայում   հայ արվեստի ու գրականության  տասնօրյակում,  թե տարբեր համերգասրահներում,  ամենուրեք արժանացել է   հանդիսականների, ժյուրիի  և մամուլի բարձր գնահատականին:



ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՊՈՌԹԿՈՒՄԱ. ՄԱՐԳԱՐՅԱՆ,«Հրազդան»,12 մարտի, 1983թ.

Սեղմում  եմ  կոկորդս,  ու  խեղդում   ճիչը  երջանիկ  պահի:   Փակում եմ աչքերս՝  ըմբոշխնելու համար  երաժշտությունն  այս,   որ   փոթորկել է   հոգիս…     Ասես մշուշի միջից   ինձ են   հասնում   կոմիտասյան երգի  պատառիկները.  «Երկիրն  ամպել  ա … » Դալկահար աշուն,  մեռնող երեկո,  հուշերի անձրև…
Ծափեր…
Էդուարդ Թադևոսյան,  Հակոբ Մեկինյան,  Յակով Պապյան, Ֆելիքս Սիմոնյան:  Հրազդանի  N 1  երաժշտական դպրոցի  հյուրերն  են   նրանք: Այդ  նրանք են գերել բոլորին  երաժշտության կախարդիչ    ելևէջներով:  Հայ մեծ երգահան   Կոմիտասի անմահ ստեղծագործությունները  կվարտետի կատարմամբ   ընկալվում են նորովի:  «Վիրավոր  լորիկ…»   թախիծ   է   ծորում   ջութակը,  «Ալ  այլուղս»,   «Հաբրբան», «Շողեր   ջան»  երգեր, որոնք  հնչել են   նաև օտար բեմերում՝ արտասուք   քամելով  շատերի աչքերից:  «Կաքավիկ»-ի   քաղցրածոր  հնչյուններով  համերգն  ավարտվում  է:   
Հարցազրույց   քառյակի   հետ
Միջազգային մրցանակների դափնեկիր,  Մոսկվայի  Չայկովսկու  անվան  կոնսերվատորիայի շրջանավարտ    Էդուարդ  Թադևոսյանն   1976 թվականից   գլխավորում  է   վաստակավոր  կոլեկտիվ,   Հայաստանի  Կոմիտասի  անվան  պետական  կվարտետը:
- Ինչպես   եք   պատրաստվում  համերգներին,-  տվեցի նրան ավանդական դարձած   հարցերից մեկը:
- Համերգներին  պատրաստվում  ենք   մեծ  լրջությամբ, մանավանդ, երբ  ունկնդիրները   դպրոցականներ են:   Ի ուրախություն  մեզ՝  Հրազդանի երաժշտական դպրոցի աշակերտները  իսկական  ունկնդիրներ  են:  - Դա, ինչ խոսք,  դպրոցի  պատիվն  է:
- Ինչպես եք   ընդունում  հանդիսատեսների   ծափողջյունները:
ՅԱ. ՊԱՊՅԱՆ,  ալտ,  Գնեսինների անվան  ինստիտուտի   շրջանավարտ,   կամերային անսամբլների    համամիութենական   մրցանակի   դափնեկիր-  մեր բոլոր  համերգներն էլ   ուղեկցվել են  ծափերով:  Դա  է  հանդիսատեսի  գնահատականը:
- Իսկ երբ  մանուկներն  են  ծափահարում:
- Նշանակում  է   կարողացել   ենք երաժշտությունը   հրամցնել  ըստ  պատշաճի:
- Ինչպիսի  ապրումներ  եք  ունենում   համերգից  առաջ:
Հ. ՄԵԿԻՆՅԱՆ-  երկրորդ  ջութակ,  անդրկովկասյան  մրցանակների  դափնեկիր,  մտածում եմ,  ինչպես  կընդունվի   մեր  համերգն  ունկնդիրների կողմից,   ովքեր  կլինեն  նրանք:
-      Եղել   եք   բազմաթիվ    շրջագայությունների,  հյուրախաղերի:   Հատկապես  որը  կուզեիք հիշել.    
        Ֆ. ՍԻՄՈՆՅԱՆ- թավջութակ,  Երևանի  կոնսերվատորիայի   շրջանավարտ,  միջազգային մրցանակների    դիպլոմակիր, - եղել  ենք  Սովետական Միության  բազմաթիվ քաղաքներում՝    Մոսկվա, Մինսկ, Կիև,   Քիշինև,  Վոլգոգրադ, Աստրախան…   արտասահմանյան    երկրներում:    Հատկապես կուզեի   նշել   հյուրախաղերը   Պորտուգալիայում   1978-ի  նոյեմբերին,  ավելի շուտ եղել  ենք   Ֆրանսիայում,  ուր  մեզ  ընդունեցին  մեծ   խանդավառությամբ:
        ՅԱ. ՊԱՊՅԱՆ- մասնակցել  ենք  համամիութենական   3  փառատոների՝  Երևանում, Մինսկում, Քիշինևում: 
        Հ. ՄԵԿԻՆՅԱՆ-  այս տարվա   փետրվար  ամսին 15 համերգներ ենք ունեցել:
-      Ինչ  նոր  ծրագրեր  ունեք, ինչ նվագացանկով  եք  ելույթ   ունենալու:
     Էդ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ- մեկնելու  ենք   Լատինական  Ամերիկա:  Համերգային  լայն  ծրագրով   ելույթ ենք ունենալու    Վենեսուելայում,  Կոլումբիայում,   Նիկարագուայում  և   Դոմինիկյան հանրապետությունում:    Նվագացանկը  բազմազան  է՝    Բեթհովեն, Մոցարտ,  Շոստակովիչ, Չայկովսկի,  Շուբերտ, Դեբյուսի:  Հայ  կոմպոզիտորներից՝ Բաբաջանյան,  Խուդոյան, Միրզոյան,  Հովհաննիսյան…
        Ֆ. ՍԻՄՈՆՅԱՆ-  վերադարձին նվագելու ենք   Հայֆիլարմոնիայի    փոքր  դահլիճում: Այնուհետև մեկնելու ենք   Ադրբեջան  և  Վրաստան:
       Էդ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ-  միաժամանակ   պատրաստվում  ենք  Կոմիտասի անվան   կվարտետի 
        60-ամյակի   տոնակատարությանը:  Այն   կլրանա  1984-ին: 

Դե, ուրեմն,  հաջողություն  Ձեզ:

 


ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ, «Արցախ», 16 հուլիսի 1993թ.

Այդ   օրը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում  ռադիոյով հայտարարվել էր, որ ազերիները  հարձակում  են  ձեռնարկել    և քաղաքացիներին խնդրվում է   զգույշ լինել…   Իսկ իրիկնադեմին հայտնի դարձավ,  որ Երևանից երաժիշտներ են ժամանել, և Վ. Փափազյանի անվան   հայկական պետական դրամատիկական թատրոնում    տրվելու  է համերգ:    Մայր ժողովրդի՝ երաժշտության հանդեպ   ունեցած  ծարավը   դահլիճ  բերեց  հարյուրավոր   մտավորականների,  բանվորների,  ազատամարտիկների,  սովորողների...
Հաճելի էր,   որ քաղաքացիներին չէր ընկճել տագնապը:
... Եվ սկսվեց համերգը:   Առաջին մասում հանդես եկավ Կոմիտասի  անվան պետական կվարտետը:    Ստեփանակերտցիներից շատերը գիտեն այդ   փորձառու, տաղանդավոր կոլեկտիվին,   ունկնդրել են ռադիոյով,   հեռուստատեսությամբ:    Սակայն Ստեփանակերտում առաջին հանդիպումն էր:  
Պատասխանատու  երաժշտի համար ամեն մի ելույթ   յուրովի  քննություն է:   Բայց այս հանդիպումը   միայն քննություն չէր:   Դա տաղանդավոր վարպետների՝ դեպի   Արցախն ունեցած   հարգանքի ու ներքին հպարտության   զգացումի դրսևորում էր:    Դա մեր ժողովրդի դարավոր  ավանդույթի  անմիջական և անմնացորդ  բացահայտումներից մեկն էր, երբ համազգային ցավն ու   գոյատևելու   վճռականությունը, տագնապն ու հույսը   արտահայտում են  երաժշտությամբ:
Մեզ՝  ունկնդիրներիս,   թվում էր,  թե առաջին և երկրորդ ջութակահարներ    Էդուարդ Թադևոսյանի  ու Սուրեն Հախնազարյանի, ալտահար Ալեքսանդր  Կոսեմյանի  և թավջութակահար    Ֆելիքս Սրմոնյանի   սրտերը վաղուց են միաձուլվել   և  թրթռում են համատեղ,   որ նրանց   խոհերը հայ ազգային,   առաջին հերթին՝ կոմիտասյան երաժշտության    նվագներից են փնջված:   Նման   դեպքում են ասում՝   վարպետը ոչ թե սովորական անհատ է,   այլ բնության կողմից    արվեստի համար   արարված մի մարմին:
Կոմիտասի անվան պետական կվարտետի   մասին  հիացմունքի խոսք ասելը   քիչ  է:  Ընդգծենք   միայն,  որ նման կոլեկտիվը   պատիվ կարող է բերել  աշխարհի ամեն մի քաղաքակիրթ  և երաժշտասեր   ժողովրդի:
Համերգի ժամանակ ունկնդիրների   պահանջով  կրկնվեցին    համարյա բոլոր համարները: Դա սովորական նվագ չէր, այլ կատարողական բարձր արվեստի,  երաժշտական մեկնաբանման  խորության  ու ֆրազավորման  նրբություն,  հուզական բացառիկ   լիցքի  և հագեցվածության, նվագի կատարյալ ներդաշնակության,  արտիստականության անմնացորդ ցուցադրում: