ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Կոմիտասի անվան ազգային քառյակի առաջին գեղարվեստական ղելկավար` 1925 - 1976թթ

ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (Ավետ Կարապետի Տեր-Գաբրիելյան): 1925 - 1976թթ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակ - Ավետ Գաբրիելյանը` այն ժամանակ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող, Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադիրներից է` 1924 թվական:

Ծնվել է Դոնի Ռոստովում (7 ապրիլ, 1899թ.): 1929թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան:
1922-23թթ դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923-24թթ և 1941-44թթ` Երևանի, 1938-79թթ` Մոսկվայի կոնսերվատորիաներում: 1974թ. ստացել է Երևանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում, 1976թ.` Մոսկվայի:
1924-74թթ եղել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադիր անդամներից: Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա.Գոլդենվեյզերի, Հ.Նեյհաուզի, Կ.Իգումնովի, Վ.Մերժանովի հետ):
1935թ. եղել է Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1945թ. արժանացել է ՀԽՍՀ, 1946թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:
1965թ. դարձել է ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:

«Զտարյուն հնչյուն, տեխնիկական ձեռքբերումներ, բացառիկ ճշգրտություն, հարուստ գույներ և միասնականություն՝ ահա քառյակի բնորոշ որակները:»:
«Ռուդե պրավո», Պրահա, Չեխոսլովակիա, 1953թ.

Կամերային անսամբլներից քչերին է հաջողվում երկար ապրել և, մանավանդ, պահպանել գեղարվեստական ինքնատիպությունը: Կոմիտասի անվան պետական լարային անսամբլի նվագը միշտ աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով, չափի զգացումով: Եվ այս աննախադեպ առաջընթացի, օրեցօր սեր ու ճանաչում ձեռք բերելու, հայ և համաշխարային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու գործում անկրկնելի է Ավետ Գաբրիելյանի նվիրումը:

   

«...որքան էլ ուժեղ լինի կատարողների կազմը, շատ բան կախված է առաջին ջութակից: Կրելով հիմնական մեղեդային գործառույթները՝ հենց առաջին ջութակն է առաջնորդում քառյակը և հաղորդում այն նրբերանգը, այն գունապնակը, որը ձևավորում է համույթի դիմագիծը: Այս իմաստով Կոմիտասի անվան քառյակը երբեք չի փոխում իր ինքնատիպ արտահայտչականությունը, իր ոճը, ուղղվածությունը: Եվ դրանում վիթխարի է բոլոր կազմերում անփոփոխ առաջին ջութակ Ավետ Գաբրիելյանի վաստակը: Տիրապետելով արտասովոր գեղեցկության արծաթերանգ հնչյունի՝ նա մշտապես եղել է քառյակի հոգին, նրա զարդը: Էլ չասած, որ նա հոյակապ համերգային մենակատար է, խորհրդային առաջին դափնեկիրներից մեկը: Լսելով, թե ինչպես է երգում նրա ջութակը, թվում է, թե դա հոգեպարար ասք է կամ երաժշտական գործվածքի, գորգի զարդանախշի հյուսվածք, խաչքարի նրբին պատկեր կամ ճարտարապետական կառույցի գեղաշար ուրվագծերի հզոր խմբերգ՝ ժողովրդի հոգևոր մշակույթի չխամրող հուշարձան»:
ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ. (1926-1999) ջութակահարուհի, վիրտուոզ մենակատար
«Կոմունիստ», Երևան, 1974թ.



Համաժողովրդական երկրպագության արժանացած երաժիշտը մահացել է Մոսկվայում (19 հունիս, 1983թ.), թաղված է Երևանում: Սակայն դեռ հնչում են ժամանակի հնչյունները հիշողության լարերում...

Երաժշտության լիակատար ըմբռնում, կատարյալ արտահայտչականություն