ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2016


Արամ Խաչատրյանի անվան IV միջազգային փառատոն

25/11/2016

 

Արամ Խաչատրյանի անվան IV միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 25-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում մենահամերգով հանդես կգա Կոմիտասի անվան ազգային քառյակը, հետևյալ կազմով Էդուարդ Թադևոսյան՝ 1-ին ջութակ, Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Անժելա Սարգսյան՝ թավջութակ:
Ծրագրում՝ Ֆրանց Շուբերտ, Կոմիտաս, Էդուարդ Միրզոյան:

Քառյակի առաջին ջութակ, ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոները երաժիշտներին միմյանց և հանդիսատեսի հետ շփվելու, երաժշտության, կոմպոզիտորների գործունեության մասին խոսելու հնարավորություն են տալիս։ «Փառատոների միջոցով տարբեր ոճերի են ծանոթանում, տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում` մենք Արևմուտքից ենք տեղեկություն ստանում, նրանք՝ մեզանից։ Ինչ վերաբերում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին, ապա պետք է ասեմ, որ մենք չէինք կարող չունենալ նրա անվան փառատոն։ Եվ հատկանշական է, որ հենց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է անցկացնում այս փառատոնը։ Փառատոնը նվիրված է հայ կոմպոզիտորական դպրոցի խորհրդանիշերից մեկին»,- ասում է ջութակահարը։

 


Թադևոսյանն առանձնացնում է նաև փաստը, որ փառատոնի ամբողջ ընթացքում հնչում են ոչ միայն Արամ Խաչատրյանի, այլև այլ կոմպոզիտորների գործեր։ Ի դեպ, Կոմիտասի անվան լարային քառյակն առաջին անգամ է մասնակցում խաչատրյանական փառատոնին։ Ընդ որում, մենահամերգին քառյակի կազմում առաջին անգամ հանդես է գալու թավջութակահարուհի Անժելա Սարգսյանը։
Թադևոսյանը, անդրադառնալով դասական երաժշտության ունկնդրին, նշեց, որ վերջին շրջանում երիտասարդացել է: «Շատ ուրախալի փաստ է։ Այլ ճյուղերում ճաշակի որոշակի անկում է նկատվում, իսկ դասական երաժշտության մեջ մենք տեսնում ենք լեփ-լեցուն դահլիճներ։ Սա, անշուշտ, ինչպես երիտասարդական նվագախմբի, այնպես էլ այլ կոլեկտիվների աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա։