ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2015


UWC Դիլիջան քոլեջում համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան ազգային քառյակը07/04/2015

UWC Դիլիջան քոլեջում ապրիլի 7-ի երեկոյան համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ շարունակելով քոլեջում մեկնարկած համերգների շարքը, որը կազմակերպել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու UWC Դիլիջան քոլեջը:
Այս անգամ եւս համերգն ունկնդրելու էին եկել ոչ միայն քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը, այլեւ Դիլիջան քաղաքի ուսումնակրթական, համայնքային այլ  հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի երիտասարդ բնակիչներ:
Քառյակը ներկայացրեց ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ  եւ աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների գործերը՝ ունկնդիրներին դասական երաժշտության երեկո պարգեւելով: Ելույթներն ուղեկցվում էին երաժշտագետ Նոնա Ոսկանյանի մեկնաբանություններով:
«UWC Դիլիջան քոլեջում համերգների այս շարքի ընթացքում մենք փորձեցինք հնարավորինս տարբեր ժանրեր ներկայացնել՝ ջազ, էթնիկ եւ ժամանակակից երաժշտություն,  իսկ այսօր՝ դասական: Մեր այս նախաձեռնությունը նպատակ ուներ ցույց տալ, որ Դիլիջանը նույնպես մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր կարող է լինել եւ դրա համար մեծ ներուժ ունի»,- ընդգծեց IDeA հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:
«Մենք ուրախ էինք հյուրընկալել հայ հայտնի կատարողների, այս երեկո՝ Կոմիտասի անվան ազգային քառյակին եւ նրանց կատարմամբ ունկնդրել ինչպես ազգային, հատկապես՝ Կոմիտասի  երաժշտությունը, այնպես էլ արեւմտյան դասական երաժշտություն: Հուսով ենք, որ ապագայում եւս համերգների շարք կունենանք, որը կնպաստի  քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, եւ հնարավորություն կընձեռի, որ մարդիկ այցելեն դպրոց՝ երաժշտություն վայելելու»,- նշեց դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը:
Հիշեցնենք, որ UWC Դիլիջան քոլեջում կազմակերպված համերգների շարքի շրջանակում ելույթներով հանդես էին եկել նաեւ  «Կոլեկտիվ մեծ բազար» խումբը եւ հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին