ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Մեր երաժշտարվեստի նվիրյալը

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճ
13/03/2015թ.

«Մեծարգո պրն. Թադևոսյան, Ձեր բարձր արվեստի միջոցով Դուք կյանքի ողջ ընթացքին ծառայում եք հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին: Ձեր երկարամյա բեղուն գործունեությունը և հարուստ վաստակը արժանապես դասել է Ձեր անունը հայ երաժշտարվեստի հայտնի անունների կողքին: Մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալով Երևանում և Մոսկվայում` Դուք առիթ ունեցաք աշակերտելու ժամանակի մեծանուն ջութակահարների: Տակավին երիտասարդ տարիքում հրավիրվեցիք ելույթներ ունենալու Կոմիտասի անվան ազգային քառյակում` կարճ ժամանակ անց ստանձնելով քառյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Շարունակելով նվագախմբի լավագույն ավանդները` Դուք նոր հաջողությունների առաջնորդեցիք Կոմիտասի անվան ազգային քառյակը, որը բարձրարվեստ մատուցմամբ հայրենական և միջազգային բազմաթիվ բեմերից ունկնդիրներին ներկայացնում է հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարները` արժանանալով բազում մրցանակների: Արդյունաշատ է նաև Ձեր մանկավարժական երկարամյա գործունեությունը: Տարիների Ձեր փորձն ու կարողությունները Դուք սիրով ի սպաս եք բերում Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի առաքելության արդյունավորմանը, որպեսզի հաստատությունը արդյունավորությամբ շարունակի երաժիշտների նոր սերունդի պատրաստության առաքինի գործը»:

     

 

Սվետլանա Սարգսյան

«Կոմունիստ», Երևան, 2 հուլիսի 1985թ.

ՄՏՔԻ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ, Կոմիտասի անվան քառյակի «հոգին» Էդուարդ Թադևոսյանն է: Նրանից բխում են երաժշտական արտահայտչականության լույս ու ծավալայնություն, տեմբրային ներկապնակի գունագեղություն և, կարևորը, մտքի ու զգացմունքի ներդաշնակություն. գործոններ, որոնք բնորոշում են և կոլեկտիվի կերպարը ամբողջությամբ:


     

 

«Զախոդնիյա Պոլսկա», 1976թ.

Էդուարդ Թադևոսյանը Պոզնանի երաժշտասեր հասարակայնությանը ներկայացավ արվեստագետի բյուրեղացած կերպարի ամբողջ հասունությամբ:
Նրա կատարումների մեջ առաջին հերթին դրսևորվում են տրամաբանական մտածողության ուժգին նախասկիզբը, վիթխարի կարգապահությունը, խիստ բնական պատկերի հասնելու ունակությունը:
Արտիստի կատարումների մեջ իշխող են հանդարտությունը, մտասևեռվածությունը, դրանք զուրկ են «քաղցր-մեղցրություններից»: Մեծ ճաշակի տեր երաժիշտ, պրոֆեսոր Լեոնիդ Կոգանի արժանավոր սան:

     

 

Դանիել Երաժիշտ

«Քրիստոնյա Հայաստան», 2006 թ.

Փառք աստծո, դեռ կան մարդիկ՝ ժողովրդի նվիրյալ զավակներ, գործիչներ, որոնք հրթիռի պես առաջ են տանում ու գալիքին փոխանցում մարդկության ձեռքբերումները: Այդպիսին էին Կոմիտասի անվան քառյակի հիմնադիրները. մեծ ջութակահար Ավետ Գաբրիելյանը և իր համախոհներ Լևոն Օհանջանյանը, Միքայել Տերյանը և Սարգիս Ասլամազյանը:
Այդպիսին է և անվանի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, ով «կոմիտասյան» ջահը ժառանգեց անմիջապես Գաբրիելյանից և մինչև օրս այն վառ է պահում՝ դառնալով անցյալը ներկային կապող մի կամուրջ:

     

 

Մարկ Պետրոսյան

«Զանգակ»

ՄԵՐ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ

Լինելով փայլուն մենակատար-ջութակահար, իր նվագացանկում ընդգրկելով ջութակի համաշխարհային գրեթե ողջ գրականությունը՝ Էդուարդ Թադևոսյանը նվիրվել է կվարտետային գործունեությանը, ինչպես և իր մեծ ուսուցիչը՝ Ավետ Գաբրիելյանը ՝ գիտակցելով, որ աշխարհի բազում բեմերում հանդես եկող, մեր մշակույթը ներկայացնող լարային քառյակը ազգային արժեք է:


     

 

«Ռաբոտնիչեսկո դելո»

2 նոյեմբերի 1976թ.

Էդուարդ Թադևոսյանը օժտված է ցնցող տաղանդով, կատարելապես տիրապետում է ջութակին:

     

 

Դանիել Երաժիշտ

«Ազգ», 27 հունիսի 1997 թ.

Մեծ ջութակահարներ Լ. Կոգանի և Ա. Գաբրիելյանի ժառանգությանը Թադևոսյանը գումարում է իր սրտի զարկերը ու հաղորդում սաներին, լուսավորում նրանց ստեղծագործական ուղին: