ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Լուսեղեն հնչյունների տիրակալը

Էդուարդ Թադևոսյան - Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար, 1-ին ջութակ,
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և  միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր

Երևանի մասնագիտական երաժշտական 10-ամյա դպրոցի, Տատյանա Հայրապետյանի դասարանի շրջանավարտ: Դեռևս դպրոցական, 1965թ. արժանացել է Անդրկովկասյան հանրապետությունների երիտասարդ երաժիշտների մրցույթի դափնեկրի կոչման:

Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Լեոնիդ Կոգանի սանն է: 1967 թվականին Լեհաստանի Պոզնան քաղաքում կայացած «Հենրիկ Վենյավսկի» միջազգային մրցույթի դափնեկիր: Իսկ 1969 թվականին Փարիզի «Մարգարիտ Լոնգ» և «Ժակ Տիբո» միջազգային մրցույթի դափնեկիր:
1967 թվականից էլ սկսել է մենակատար- ջութակահարի համերգային գործունեությունը:

1970 թվականին Էդուարդ Թադևոսյանը Մոսկվայի կոնսերվատորիայի 5-րդ կուրսեցի էր, որ Ավետ Գաբրիելյանից հրավեր ստացավ աշխատելու «Կոմիտաս» քառյակում, որպես 2-րդ ջութակահար, իսկ 1976 թվականին հայ երաժշտության երախտավորի՝ Ավետ Գաբրիելյանի առաջարկությամբ ստանձնում է քառյակի 1-ին ջութակահարի և առաջատարի պարտականությունները:


«Կոմիտաս» քառյակի կազմում Էդուարդ Թադևոսյանը հանդես է եկել աշխարհի բազում երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Մեքսիկա, Վենեսուելա, Կոլումբիա, Գերմանիա, Իսպանիա, Շոտլանդիա և այլուր:
Որպես մենակատար, նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Մալազիա, Հոլանդիա, Բեռլին, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա, Չեխոսլովակիա և այլուր:
Հանրապետության ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը համերգային գործունեությունը մեծ հաջողությամբ զուգակցում է մանկավարժությանը, «Կոմիտաս» կոնսերվատորիայում, որպես պրոֆեսոր և լարային ամբիոնի վարիչ:

««Գինու կարասն՝ ուրիշներին, մեզ  հերիք է քո  մի    թասը…»

Փառք  աստծո,   դեռ կան մարդիկ՝  ժողովրդի նվիրյալ զավակներ, գործիչներ,  որոնք հրթիռի պես  առաջ են  տանում   ու գալիքին  փոխանցում  մարդկության  ձեռքբերումները:   Այդպիսին  էին Կոմիտասի  անվան  քառյակի  հիմնադիրները.   մեծ  ջութակահար   Ավետ Գաբրիելյանը և  իր համախոհներ   Լևոն Օհանջանյանը,  Միքայել  Տերյանը   և  Սարգիս  Ասլամազյանը:  Այդպիսին  է  և  անվանի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր  Էդուարդ Թադևոսյանը, ով «կոմիտասյան» ջահը ժառանգեց անմիջապես Գաբրիելյանից և մինչև օրս այն  վառ  է  պահում՝   դառնալով  անցյալը  ներկային  կապող  մի   կամուրջ:»

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ
2006, մայիս


«Ի դեմս միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի, «Ժողովրդական» պատվավոր կոչումը ընկալվում է նաև որպես ժողովրդայնություն, նվիրում, հոգեհարազատություն ակունքներին: Հիրավի, ջութակահարի նվագը աչքի է ընկնում ժողովրդական արվեստին հատուկ տարերային հզորությամբ, անմիջականությամբ, իմպրովիզացիոն ազատությամբ: Նաև հռոմեացի պոետ Տիբուլլոսի գովերգած և Սարյանի պատկերած «Բուրումնավետ Հայաստանի» բույրով ու գունագեղությամբ: Ով գեթ մեկ անգամ լսել է ջութակահարին, նույնիսկ ձայնագրությամբ, կարող է նման պայծառացում ապրել: Լինի դա Արամ Խաչատրյանի մեծակերտ Կոնցերտը կամ Կոմիտասի երգերի հիման վրա` Սարգիս Ասլամազյանի ստեղծած կվարտետային մանրանվագները: Պատահական չէ, որ Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը հենց Թադևոսյանին է ավանդել իր երախայրիքի ղեկավարությունը...»
«Տեղին է մեջբերել Գարեգին Նժդեհի հետևյալ ասույթը. «Հայկական լավագոյնի- բարձր մարդկություն արտահայտող Գողթան երգերի բովանդակած վեհ գաղափարների-վերարծարծումն, նրանց պրոպագանդը հայ մտավորականութեան կողմից ո՛չ միայն հայկական, հայրենասիրական, այլև համամարդկային պարտականութիւն է» (Գարեգին Նժդեհ, Ասոյթներ, Ե., 2002, էջ 74): Սա է նաև Կոմիտասի անվան քառյակի և նրա ղեկավար Էդուարդ Թադևոսյանի հավատամքն ու առաքելությունը...»

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ, 2010